Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«ՀԱՄԱԴԱՄ ՄՈՐՄՈՔՆԵՐԻ» ՏԱՌԱՊԱՆՔԸ

«ՀԱՄԱԴԱՄ ՄՈՐՄՈՔՆԵՐԻ» ՏԱՌԱՊԱՆՔԸ
10.09.2010 | 00:00

Գորշության ժանգը ուտո՛ւմ է հոգիս,
Շքահանդես է ժանգոտ գանգերի,
Ժանգոտ հոգիներ վխտո՛ւմ են կողքիս,
Ո՞վ պիտի ժանգի հեղեղն այդ քերի...

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Դրախտային Էրզրումից չնաշխարհիկ Ջավախք հասած տոհմածառի արմատներից մեկը «Աբուլ լեռան ժպտուն փեշին, Արքա լեռան հայացքի տակ» աներևույթ ծլարձակել սկսեց շինական Զավենի ութ որդիներից վեցերորդի՝ Հակոբի ծնունդով։ Հեքիաթային բնաշխարհի գրկում բնավորված տաք օրոցքում մայրական կաթով նրան սնուցվող կյանքի բանաստեղծական ընկալումը խմորվեց ու կերպար ստացավ՝ հարթելով կայացման ճամփան Օլավերդի ութնամյա դպրոցից դեպի Երևանի թիվ 49 միջնակարգը, մայր բուհի բանասիրության բաժանմունքը։ Կաթիլ-կաթիլ կուտակված մարդագիտությունը, կռվելով «Հայէլեկտրամեքենա» գործարանի ձուլման արտադրամասում, ամբողջացավ երկու ամենահոծ հասարակական ոլորտներում՝ մանկավարժության ու լրագրության։ «Խորհրդային Հայաստան» թերթի արվեստի բաժինը 1989-ից ցայսօր ունենալով գործունեության հենակետ՝ սերնդակրթությամբ զբաղվեց Կոտայքի Գետամեջ գյուղի դպրոցում, տարբեր բուհերում («Աճառյան», «Գլաձոր» համալսարաններ)։ Երկար տարիներ խմբագրեց «Նոր Գլաձոր» բուհական ու «Ձայն վիրահայոց» հայրենակցական պարբերականները։ Քնարաշունչ ներաշխարհը մշտազբաղ առօրյայի եռուզեռից փրկություն գտավ բանաստեղծական տողերում, որոնց հատուկենտ արտահայտությունները տեղ գտան մամուլի էջերում։ Համազգային հոգևոր զարթոնքի հուժկու ալիքի պղտորված տեղատվությանը դիմակայելու հրամայականով՝ 1992-ին լույս աշխարհ բերեց «Տառապանքի շղթա» անդրանիկ ժողովածուն։ Գրիչը թաթախելով քանքարավոր գրական հսկաների ծով ժառանգության մեջ՝ քաղաքացիական պարտքի սրված զգացումով ոտք դրեց արդի հայ պոեզիայի անդաստան՝ ճշմարիտ մտավորականի անեղծ նկարագրով ու անդուլ աշխատասիրությամբ հղկվող խոսքի, ինքնահատուկ պատկերավորության գրավչությունը հավաստելով հաջորդ՝ «Վրնջացող լռությունը» (1995 թ.) գրքով, «Անձրևն ու աղջիկը» մամյանազարդ պոեմով։
Հետանկախական խեղումների անխնա ձաղկումը, երևույթների ներթաքույց բովանդակությունը պեղելու ունակության լիավյուն բացահայտմամբ, անաչառ հրապարակախոսի փշեպսակ ամբիոնին բարձրացրեց՝ բանաստեղծական սիրառատ տողերին պամֆլետային հատու երանգավորում հաղորդելով։ Իր ժողովրդի նվիրյալ բախտակիցը անսեթևեթ վերապրեց արցախյան պատերազմի արհավիրքները, արտասվախառն սգաց կորուստներն ու խրոխտ ցնծաց հաղթանակներով։ «12 արծվային թռիչք»-ում թանձրացած ազնիվ ու վարակիչ խոհերն ու զգացողությունները աննկատ չմնացին։ Գիրքն արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության և ժուռնալիստների միության համատեղ մրցանակին՝ յուրովի նախապատրաստելով հաջորդ՝ «Փախուստ խնջույքից» (2003 թ.) ժողովածուի շռնդալից համահայկական հանրաճանաչումը։
«Կեսհայրենիք» մնալու սրապյանական սրտահույզ ու զգաստացնող չափածո խոհերը բարձրաձայնվեցին Հայաստանի ու սփյուռքի հայ գաղթօջախների բազմաբազում սրահներում։ «Սա հատընտիր է, որի նմանները քիչ են գրչակախեղդ արդի հայ պոեզիայում,- ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆԻ պոեզիայով հագեցած երեկոներից մեկի ամփոփում որպես հնչեց վաստակավոր արտիստ Վլադիմիր Աբաջյանի անմիջական գնահատականը։- Ինձ համար պատիվ է ներկա լինել այս հրաշալի երգամատյանի շնորհանդեսին և ձեզ համար ընթերցել՝ առանց ընտրության»։ «Ծոցագրպանի օրհնյալ գիրք» դարձավ այն Ազատ Գասպարյանի ու ասմունքով հրապուրված ուրիշ արտիստների համար նաև։ Դայանա Տեր-Հովհաննիսյանի թարգմանությամբ հասանելի լինելով Միացյալ Նահանգների անգլախոս ընթերցողին՝ Սրապյանի գիրքը լեփ-լեցուն սրահներում նորանոր համակիրներ գտավ Հայաստանից դուրս։ Բուռն հետաքրքրությունը նրա պոեզիայի նկատմամբ հանդիպումների, քննարկումների, մեծարման հանդիսությունների խտացող շղթայում օղակեց մայր հայրենիքի ամբողջ հոգեպապակ տարածքը։ Այնպես որ, մինչ պաշտոնամուտը հայ գրողների համքարություն արդեն փնտրված ու սիրված բանաստեղծ էր։ Ներանձնական հուզախռիվ ապրումները ժողովելով իր քնարաշունչ շարքերում, ավարտին է հասցնում նախնյաց ծավալուն տոհմամատյանը՝ «Գյուղը լեռան ծագում» փաստավավերագրական աշխատությունը (2007 թ.)։ Եվ լծվում կրկին 90-ականներից թափ առած վիկինգյան կենսավերության դեմ պայքարին՝ վերջին տարիներին հեղինակած բանաստեղծությունները իր ընթերցողին մատուցելով նորընծա` «Հորդոր մատռվակին» (2009 թ.) գրքով։
...Կանգուն ծառերը փտախտից բժշկող ծեր փայտփորիկի հանգույն կտցահարում է բանաստեղծը բառ-պատկերներով ներկա իրականության գարշաբույր ճահիճը։ Հոգսացավ տաղտուկից զգալիորեն ընկճված՝ համտեսած «համադամ մորմոքների» անկեղծ տառապանքն է շաղ տալիս չափածո տողերում։ Գունագեղ երազկոտության լուսե նշխարներ պրպտելով խուռներամ հուշերի գզրոցում՝ փորձում է ձերբազատել ազնվահոգի հայրենակիցներին ապրած օրերի արցունքատտիպ գինու դառնահամ զգացողություններից։ Տրամադրությունների ելևէջումներում գերիշխող են անապագա հուսահատության մռայլ գույները։ Լավատեսության իրական հիմքեր կարծես թե չեն մնացել մեր ներկայիս գետնաքարշ կեցության ժանգագանգ շքահանդեսում։ Զուր է հորդորում գյումրեցի մատռվակին մոռացության գինով խաղաղեցնել փոթորկված հոգին։ Վիճակված չէ բանաստեղծին ըմբոշխնել ինքնօրորի նիրվանան, քանզի նույն սկուտեղի վրա «պարտամատյանում» գրանցված հին-հին ծանրածալ մուրհակներն են, որոնք պարտավորված է զգում գեթ մասամբ մարել ցմրուր այրվող լուսատու մոմի պես։ Այլ կերպ անզոր կլինի գոտեպնդել ամբոխացող հայրենակիցներին հեթանոս Լեռան անթեղած վահագնածին քուրայում վաղուց հասունացած աղոթք-ահազանգի մաքրագործող կրակով։ Այդուհանդերձ, ուժասպառված է համատարած ուրացությունից, իրեն լքած հացկատակների կորամեջք ծախվածությունից, որպեսզի կարողանա իրենում հանգչող անավյուն հավատով տոգորել, ցիրուցան ու ներամփոփված հատուկենտացող ճշմարիտ մտավորականներին դեպի Լեռան գագաթն անփույթ դաժանությամբ ներպառակտված ժողովրդին առաջնորդելու միաբանության ազգապահպան դրոշի ներքո։ Հայոց ոգու անհամերաշխության քարե տագնապին, ցավոք, անհաղորդ են մնում անհամ ճղավոցներով, բամբասանքի լորձերով ու խոստումների խրձերով խլացված, որբ ու սովալլուկ մարդկային զանգվածները։ Ժանգակեր, հուդայազարմ, ստահոդ մարգարեների սատանայական ծառայություններով կորսվել է վսեմ հարատևության խնկաբույրը։ Հորթային հրճվանքների քստմնելի պատկերներից ծնված շիտակ խոսքի սեպ-տարափով, միևնույն է, շարունակում է մարդկանց հոգու և մտքի ձեռքբերովի հավկուրությունը բժշկելու նորանոր հնարքներ որոնել։ Համակերպված իր միայնության խաչակրությանը ճիշտ և ճիշտ թումանյանական պատճառաբանվածությամբ («Բանաստեղծին թողեց մենակ... որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին») և անհաշտ ստին ու կեղծիքին, տարատեսակ արտառոց մարդախեղումներին՝ Հակոբ Սրապյանը արցունքաբեռ հոգով ծաղկաժպիտներ է սփռում ընթերցողների սրտերում։ Անբասիր սիրո նրա քնարի համանվագը՝ «Մութ մարգարեներ» հատընտիրը, իրեն շուրջ 3 տարի սպասողներին, ի վերջո, հասնելու գրահրատարակչական «սողանցք» է անքթիթ համառությամբ որոնում։ Գրիչն ու վաստակը հարգողները, կարծում եմ, սատար կլինեն անբասիր մտավորականի հոգեզմայլ նոր երգերն ընթերցող-ունկնդրին հասցնելուն։ Եվ անհամեմատ կդյուրանա գրչակախեղդ մեր Պառնասին բազմած բացիլակիր խառնիճաղանջից անցավ ու անդավ համազգային ազատագրումը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ